Առողջարանի պատմությունը
Բարենպաստ լանդշաֆտային պայմանները՝ տարածված լեռնային զանգվածի առկայությունը, արևի առատությունը, օդի մեջ եղած թթվածնի բավականաչափ քանակը հանքային ջրի աղբյուրների և բուժական տորֆի հետ միասին Վանաձորին տալիս են բալնեոլոգիական (կլիմայաբուժական) և առողջարանային քաղաքի համբավ:
Ցարական Ռուսաստանի օրոք Վանաձորի այդ գեղատեսիլ վայրում Բաքվի մեծահարուստ Թաիրովը կառուցել էր ամառանոց և ամառվա ամիսներին օգտվում էր նրանից: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո այդ շենքը ազգայնացվեց: Ստեղծվեց Վանաձորի 40 մահճակալանոց հանգստյան տունը որը գործում էր միայն հունիս-սեպտեմբեր ամիսներին:
Հետպատերազմյան շրջանում՝ 1947թ հանգստյան տան բազային վրա ստեղծվեց «Արմենիա» առողջարանը, նա հետզհետե սկսեց բարգավաճել. Շահագործման հանձնվեցին նոր մասնաշենքեր, հիվանդների բուժման համալիրի մեջ մտցվեցին նոր բնական բուժիչ գործոններ, առողջարանը սկսեց գործել կլոր տարի, ընդլայնվեց նաև առողջարանի պրոֆիլացումը:
Որպես առողջարան «Հայաստան»-ի զարգացումը կարելի է բաժանել 3 շրջանի:
Առաջին շրջանը ընդգրկում է 1946-1956թ երբ առողջարանը համարվում էր կլիմայաական որտեղ հիմնականում բուժվում էին նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով (նեվրասթենիա, հիսթերիա) տառապող հիվանդները: Բուժական համալիրի մեջ մտնում էին կլիմայաբուժումը, սարքային ֆիզիոթերապիան, ջրաբուժումը:
Երկրորդ շրջանը, երբ առողջարանը անվանակոչվեց որպես կլիմատորֆային, բուժական համալիրի մեջ ընդգրկվեցին Վանաձորի մոտակա շրջակայքի գյուղերից բերված բուժիչ տորֆերը, ընդգրկում է 1956-1985թթ.: Այս շրջանում արդեն առողջարան ուղարկվող հիվանդների ցուցումները ընդլայնվեցին, բացի նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով տառապող հիվանդներից, սկսեցին բուժվել հենաշարժական և ծայրամասային՝ նյարդային համակարգի, կանացի ներքին սեռական օրգանների քրոնիկ հիվանդություններով տառապող հիվանդները և այլն, առողջարանն արդեն անվանակոչվեց տորֆակլիմայական:
Առողջարանի զարգացման երրորդ շրջանը կապված է «Լոռի» հանքային ջուրը իր բխման ակունքից խողովակներով առողջարան բերելու հետ (1986թ), որից հետո այն դարձավ կլիմայաբալնոլոգիկ առողջարան, որի բնական բուժիչ գործոններն են՝ կլիման, հանքային ջուրը, բուժիչ տորֆը:
Հայաստանում առողջարանը բացառիկ է իր հարուստ բնական բուժիչ գործոնների համալիրով: